Եթե Բաշար Ասադի վարչախումբը Սիրիայում կործանվի, քրդերը հնարավորություն կստանան ինքնավարության գաղափարն առաջ մղելու: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի քրդերի հարցով փորձագետ Յուստ Հիլթերմանը, ում խոսքերն է մեջբերել The Wall Street Journal թերթը:

Ըստ պարբերականի, քրդական առաջնորդները Սիրիայում արդեն այսօր ծրագրում են բողոքի գործողություններ սկսել Բաշար Ասադի դեմ: Վերջին երեք շաբաթների ընթացքում քրդական 11 չգրանցված կուսակցությունների անդամները հանդիպել են տեղի քրդական կոմիտեի ակտիվիստների հետ:

«Թեեւ քրդերն ասում են, որ կիսում են ընդդիմության ընդհանուր նպատակները` Սիրիայի ժողովրդավարության ձգտում, իրականում նրանք ավելի են հակվում ինքնավարության ստեղծմանը»,- գրում է The Wall Street Journal-ը:

Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի սկզբին սիրիացի 50 քրդեր համերաշխության խորհրդաժողով են արել Ստոկհոլմում` հայտարարելով, թե «սիրիական հեղափոխությունը լիակատար չի լինի առանց քրդական հարցի արդարացի լուծման»: