Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, Վարշավայում ընթացող ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, անդրադառնալով էներգետիկ ծրագրերին, ասել է. «Հայաստանն ըմբռնումով է մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության եւ մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց նմանապես իրավունք ունի նման ըմբռնում ակնկալել իր անվտանգության, տարածաշրջանի կայունության եւ հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ: Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետեւաբար հավասարակշռության պահպանմանը: Մենք անշուշտ կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի եւ ԵՄ միջեւ առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որեւէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը:Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր»:




























