Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել Եվրամիությանը իրենից հետ չմղել Բելառուսին: «Չի կարելի, որ ԵՄ-ն իրենից հետ մղի Բելառուսին եւ նրան մենակ թողի այլ ուժի հետ, որը ցանկանում է վերջնականապես տիրել նրան»,-Վարշավայում վրաց լրագրողների հետ հարցազրույցում շեշտել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Գրուզյա Online»-ը:

«Շատ վատ է, որ այսօր Բելառուսը չի մասնակցում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին: Պետք է գտնել բոլոր հնարավոր ռեսուրսները, որպեսզի Մինսկին դնել զարգացման եվրոպական ճանապարհի վրա»: Սահակաշվիլին ասել է, որ առանց Բելառուսի «լիակատար Եվրոպա չի լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Բելառուսը հրաժարվել է մասնակցել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին, որը տեղի է ունենում սեպտեմբերի 29-ից 30-ը Վարշավայում: Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ գագաթաժողովի կազմակերպիչները «հրաժարվել են հրավիրատոմս ուղարկել բելառուսական պետության ղեկավարին, իսկ դրանից հետո Բելառուսի պատվիրակության դեմ սահմանափակումներ են մտցրել գագաթաժողովի միջոցառումների մասնակցության մեջ»: