Անգլիայում սկանդալ է հասունացել` Փորթսմութի համալսարանի ուսանողների մերկ լուսանկարներով օրացույցի պատճառով, որոնց չխմբագրված լուսանկարները հայտնվել են պոռնոկայքերում եւ ֆորումներում: Այնտեղ այդ լուսանկարները տեսել ու մեկնաբանել են հազարավոր մարդիկ:
2006-ից ի վեր ամեն տարի նման օրացույցներ են տպագրվել բարեգործական նպատակներով եւ դրանց վաճառքից հնարավոր է եղել հավաքել շուրջ 10 հազար ֆունտ սթերլինք (15,6 հազար դոլար): Սակայն հիմա ամեն բան կդադարի, հաղորդում է newsru.com-ը:
Այդ օրացույցների համար կամավոր «մոդելներ» էին դառնում ոչ միայն աղջիկները, այլեւ տղաները, ընդ որում նախորդ տարի նրանց թիվը կրկնակի շատ է եղել: Նրանք լուսանկարվել են միայն վարտիքով (ուսանողուհիները` թոփլես), սակայն լուսանկարները տպագրվել են բավական «խելամիտ» տեսքով, այնպես որ նրանց չէր կարելի մեղադրել պոռնոգրաֆիայի մեջ, գրում է The Daily Mail-ը:
Այս անգամ, սակայն ինտերնետում են հայտնվել «հում» լուսանկարները, ընդ որում, իրենք` «մոդելները» չեն իմացել դրա մասին եւ ապշել են տեղի ունեցածից: Նրանք հայտարարում են, որ համաձայնել են լուսանկարվել միայն բարեգործական նպատակներով եւ չէին կարող ակնկալել, որ մի գեղեցիկ օր իրենց լուսանկարները կտեսնեն պոռնոկայքերում, այն էլ հազարավոր ինտերնետ-օգտագործողների խեղտոտ մեկնաբանություններով ու գնահատականներով:
Օրացույցի թողարկողներն ասում են, որ ուսանողուհիները, համաձայնելով լուսանկարվել, պետք է հասկանային ողջ պատասխանատվության ու ռիսկի մակարդակը, որ դրանք կարող է հայտնվեն նաեւ ինտերնետում:



























