Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամփոլաթ Թեդեեւին չի գրանցել որպես նախագահի թեկնածու, հաղորդում է ՌԵՍ գործակալությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` սեպտեմբերի 30-ին, Հարավային Օսիայի կառավարության շենքի մոտ տարերային ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները սատարում են Ջամբոլաթ Թեդեեւին, ով մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Հարավային Օսիայի նախագահի եւ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Վյաչեսլավ Սեդովին, հայտնել էր, որ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը հեռացրել է Թեդեեւի կողմնակիցների ամբոխը, ում գրանցման հարցն այդ պահին քննարկվում էր հանրապետական ԿԸՀ-ում:

«ՌԻԱ Նովոստին» ականատեսները պատմել են, որ 150 հոգանոց ամբոխը փորձել է մտնել կառավարության շենք, որտեղ գտնվել է նաեւ ԿԸՀ-ն: «Նրանք ջարդել են դռները, պատուհանները»,-ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Սեդովի խոսքով, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին:

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 13-ին: Սեպտեմբերի 30-ի դրությամբ, ԿԸՀ դիմում են ներկայացրել 25 նախաձեռնողական խումբ եւ երկու կուսակցություն: ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու արդեն գրանցել է Ալան Կոչիեւին, Վադիմ Ցխովրեբովին եւ Վլադիմիր Կելեխսաեւին: