Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է խաղաղ բանակցություններ վարել «Թաիլբան» շարժման հետ` նախկին նախագահ Բուրհանուդին Ռաբանիի սպանությունից հետո, ով համակարգում էր բանակցությունները «Թալիբանի» հետ, հաղորդում է BBC-ն:
Կրոնական առաջնորդների խմբի հետ հանդիպման ժամանակ Քարզայը հայտարարել է, որ այդպես էլ չի գտել թալիբների, որոնք պատրաստ են խաղաղ բանակցությունների: Մինչ օրս չի հաջողվել գտնել նաեւ շարժման առաջնորդին` Մուլահ Օմարին:
«Որտե՞ղ է նա, մենք չենք կարողանում գտնել «Թալիբան» շարժման խորհրդին, որտե՞ղ են նրանք»,- նշել է Քարզայը, հավելելով, որ տեղի ունեցողը իրեն ստիպել է կենտրոնանալ Պակիստանի հետ բանակցությունների վրա:
Նա հիշեցրել է, որ Ռաբանիին սպանող մահապարտը բանակցությունների է եկել որպես «Թալիբան» շարժման խորհրդի անդամ, «ուստի մենք չենք կարող ոչ ոքի հետ բանակցել, բացի Պակիստանից»:
Նշենք, որ Աֆղանստանի նախկին նախագահ, հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Բուրհանուդին Ռաբանին սպանվել է սեպտեմբերի 20-ին, Քաբուլի իր տանը` թալիբների հետ բանակցությունների ժամանակ:
Վերջին տարիներին նա զբաղվում էր Աֆղանստանում հակամարտող կողմերի միջեւ բանակցություններով:




























