Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմտնի քաղաքականության մեջ, միայն եթե զգալի ընտրազանգվածի գրավելու հնարավորություն ունենա: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր` հոկտեմբերի 1-ին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ռոբերտ Քաչարյանը բավականին հայտնի գործիչ է, բավականաչափ փորձ ունի, եւ նրա վերադարձը քաղաքականություն բացառված չէ: Այլ խնդիր է, որ Քոչարյանը  նախանշել է այն պայմանները, որոնց դեպքում կվերադառնա` մյուս քաղաքական ուժերի միջեւ ճգնաժամի առաջացման պարագայում»,-ասաց Իսկանդարյանը:

Ներքաղաքական համակարգի լարվածությունն, ըստ նրա, բնորոշ է նախընտրական արշավի շրջանին, որը փաստացի մեկնարկել է ՀԱԿ-ի` մեկշաբաթյա նստացույցի մասին հայտարարությամբ:

«Նախընտրական արշավում գոյություն ունի մարքետինգի օրենք. քաղաքական ուժերն այս կամ այն միջոցով պայքարում են ընտրազանգվածի համար: Եթե ճգնաժամ է առաջանում, եւ ի հայտ է գալիս ընտրազանգվածի մի մաս, որին ոչ մի ուժ չի կարողանում գրավել, ապա այդ ժամանակ ասպարեզ կարող է գալ նոր խաղացող, որը կփորձի դա անել:  Հազիվ թե Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնա, պայմանական ասած, հինգ քվե ստանալու համար: Դրա համար պետք է, որ նա ընտրողների խոշոր զանգված գրավելու հնարավորություն տեսնի»,-կարծում է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ. մայիսին: