ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Պաղեստինին ֆինանսական օգնության նպատակով ուղարկվող 200 մլն դոլարի փոխանցումները: Սա պատասխան է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի` Պաղեստինի անկախությունը ճանաչելու հարցով ՄԱԿ-ին դիմելու քայլի:
Պաղեստինի ուսուցիչների որոկավորման բարձրացման, ջրամատակարարման համակարգի զարգացման եւ ճանապարհների վերանորոգման համար նախատեսված գումարներն ԱՄՆ բյուջեից հատկացվել են ֆինանսական տարվա սկզբին, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին:
«Պաղեստինի վարչակազմի ներկայացուցիչ Հասան Խատիբը բրիտանական The Independent-ին հայտարարել է, որ խոսքը գնում է կոլեկտիվ պատժի մասին, որն ԱՄՆ-ը կիրառել է պաղեստինցի ժողովրդի նկատմամբ` նրա ազատության եւ անկախության ձգտման համար»,- հաղորդում է NEWSru.co.il-ը:
Նա ընդգծել է, որ պաղեստինցիները ոչ մի վատ կամ անօրինական բան չեն արել, ապա հավելել, որ որոշ իմաստով պարադոքսալ է, որ Պաղեստինը զրկվում է ֆինանսական օգնությունից ՄԱԿ-ին դիմելու համար:




























