Հարավօսական ընդդիմադիր գործիչ Ջամփոլաթ Թեդեեւի տան շուրջ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները շղթա են կազմել, հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը:
Նշենք, որ երեկ Հարավային Օսիայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Թեդեեւին որպես այդ հանրապետությունում նախագահի թեկնածու:
Պարբերականի տվյալներով, ոստիկանությունը Ցխինվալիում Օստրովսկիի փողոցում փորձել է ձերբակալել Թեդեեւին, ակայն չի հաղորդվում, թե ինչ օրինախախտման մեջ են նրան կասկածում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` սեպտեմբերի 30-ին, Հարավային Օսիայի կառավարության շենքի մոտ տարերային ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները սատարում են Ջամբոլաթ Թեդեեւին, ով մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Հարավային Օսիայի նախագահի եւ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Վյաչեսլավ Սեդովին, հայտնել էր, որ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը հեռացրել է Թեդեեւի կողմնակիցների ամբոխը, ում գրանցման հարցն այդ պահին քննարկվում էր հանրապետական ԿԸՀ-ում:
«ՌԻԱ Նովոստին» ականատեսները պատմել են, որ 150 հոգանոց ամբոխը փորձել է մտնել կառավարության շենք, որտեղ գտնվել է նաեւ ԿԸՀ-ն: «Նրանք ջարդել են դռները, պատուհանները»,-ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Սեդովի խոսքով, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին:
Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 13-ին: Սեպտեմբերի 30-ի դրությամբ, ԿԸՀ դիմում են ներկայացրել 25 նախաձեռնողական խումբ եւ երկու կուսակցություն: ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու արդեն գրանցել է Ալան Կոչիեւին, Վադիմ Ցխովրեբովին եւ Վլադիմիր Կելեխսաեւին:
Ներկա նախագահ Կոկոյտին արդեն երկու անգամ զբաղեցրել է նախագահի պաշտոնը եւ չի կարող կրկին առաջադրվել:




























