Ռուսաստանում աշխատող վրացի գործարար Լեւան Վասաձեն մտադիր է Վրաստանում նախագահի թեկնածու առաջադրվել 2013 թվականի ընտրություններում, հաղորդում է «Վզգլյադը»` վկայակոչելով վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Դեռեւս հունվարին վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կտրականապես հրաժարվում է Վրաստանի քաղաքացիություն տալ Լեւան Վասաձեին, մտահոգվելով հնարավոր մրցակցության առնչությամբ:
Այն ժամանակ ընդգծվում էր, որ 6 երեխաների հայր, 39-ամյա գործարարը վայելում է Վրաց պատրիարք Իլյա Բ-ի հովանավորությունը: Վասաձեն խիստ քննադատության է ենթարկել Վրաստանի ներկա իշխանություններին, հայտարարելով, որ նրանք ստորացնում են իր հայրենիքը: Ավելի վաղ Վասաձեն հայտարարել էր, որ չի ցանկանում Վրաստանում քաղաքականությամբ զբաղվել:
Գործարարը հայտնի է Ռուսաստանում «Սիստեմա» ընկերության առաջին փոխնախագահի, «Ռուսական ապահովագրական, ժողովրդական ընկերակցություն» ընկերության տնօրենների խորհրդի, «Ռոսնո» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի եւ այլ պաշտոններում իր աշխատանքով:




























