Հյուրանոցների ArmHotels առցանց ամրագրումների համակարգից առայսօր օգտվել է 300-400 այցելու: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ArmHotels ծրագրի տնօրեն Աշոտ Նազարյանը:
Համակարգը գործում է մարտի 4-ից: Ըստ Ա. Նազարյանի`դա բավական լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ համակարգը նոր է գործարկվել: Սովորաբար առցանց համակարգերից օգտվում է զբոսաշրջիկների 2-3 տոկոսը: Սակայն եթե հաշվի առնվի, որ զբոսաշրջության զարգացումն անհնար է առանց ինտերնետային տեխնոլոգիաների, ապա առցանց ամրագրումների հանդեպ պահանջարկը առաջիկայում կավելանա: Աշխարհում արդեն իսկ գործում են առցանց ամրագրումների գլոբալ համակարգեր, որոնցում ընդգրկված են մոտ 120 հազ. հյուրանոցներ:
ArmHotels-ը, ըստ Ա. Նազարյանի, տեղային համաարգ է եւ պայմանագրեր ունի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 105 հյուրանոցների հետ: Համակարգից կարող են օգտվել նաեւ ՀՀ քաղաքացիները: Դրա համար հարկավոր է ArmHotels.am կայքում օնլայն ամրագրում անել, ստանալ վաուչեր եւ վճարել բանկային քարտով: Ի դեպ` ArmHotels ծրագիրը զբոսաշրջության օրվա առիթով ստացավ էկոնոմիկայի նախարարության շնորհակալագիր:



























