Ցանկության դեպքում Վրաստանը կարող է «ընդհանուր լեզու» գտնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: «Պուտինին ես ճանաչում եմ գրեթե նրա մանկությունից: Նա չի ատում վրացիներին», - թբիլիսիյան «Ասավալի-դասավալի» թերթին տված հարցազրույցում ասել է Շեւարդնաձեն:
«Վրաստանը պետք է իմանա իր տեղն ու գինը: Մյուսներին եւս պետք է գնահատել: Ռուսաստանը մեր մեծ հարեւանն է, որն ամուր դիրքեր ունի մեր տնտեսությունում: Ռուսաստանի ձեռքում են մեր ռազմավարական օբյեկտների մեծ մասը: Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը», - ասել է նախկին նախագահը:
Այդ կապակցությամբ Շեւարդնաձեն նշել է, որ «անհիմն է ասել, թե Պուտինի վերադարձն աղետ կլինի Վրաստանի համար», փոխանցում է ВЗГЛЯД-ը:
Հիշեցնենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում որոշվեց Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, իսկ նրա հաղթանակի դեպքում վարչապետ նշանակել Դմիտրի Մեդվեդեւին:



























