Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին, Այրում երկաթուղային կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհետ կորած է համարվում հինգ մարդ: Նրանց թվում են Վրաստանի քաղաքացիներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին կառավարության ստեղծած Օպերատիվ շտաբում:
Այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սողանքի հետեւանքով տուժել են նաեւ Վրաստանի քաղաքացիներ: Վրաստանի հյուպոսը մեկնել է դեպքի վայր:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ, օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց:
Նոյեմբերյանի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, սակայն առկա է սողանքային երևույթների հետագա ակտիվացման վտանգ:




























