Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետեւանքով հոսանքազրկված Լճկաձոր եւ Այրում համայնքներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, սողանքի գոտում պարբերաբար տեղացող անձրեւը դժվարացնում է որոնողական աշխատանքները: Փլուզման տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ:  Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների ու ոստիկանության աշխատակիցները:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց:

Նոյեմբերյանի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, սակայն առկա է սողանքային երևույթների հետագա ակտիվացման վտանգ: