Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններում լուրջ հակասություններ կան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:Նրա խոսքով, այդ հակասություններից մեկն այն է, որ ՀԱԿ-ի առաջնորդը սկզբում հայտարարում է, որ երբեք չեն հավատացել, որ երկխոսությունն արդյունք կտա եւ նույնիսկ առկախեցին երկխոսության գործընթացը` որպես պատճառ բերելով ՀԱԿ ակտիվիստի ձերբակալությունը, իսկ հիմա կրկին հայտարարում է, որ միեւնույն է, ՀԱԿ-ը գնալու է երկխոսության եւ դիմել է ՀՀԿ-ին: 

Այնուհետեւ, Ռ Հակոբյանն անդրադարձել է ՀԱԿ-ի` ընդդիմադիր ուժերին ուղղված Կոնգրեսին միանալու առաջարկին, նշելով, որ վերջին ժամանակաշրջանում ՀԱԿ-ն ամեն բան արել է որ թշնամանա ընդդիմադիր դաշտի այլ ուժերի հետ:«Ես չեմ կարծում, որ նման առաջարկից հետո, իրեն հարգող որեւէ ուժ կարող է գնալ ու միանալ ՀԱԿ-ին»,- ասաց նա, նշելով, որ առաջարկություն անելու համար գոյություն ունեն արարողակարգային եւ էթիկայի որոշակի նորմեր:

Այդուհանդերձ Ռուբեն Հակոբյանը չբացառեց ընդդիմության միավորման հավանականությունը` հիմնվելով «երբեք չի կարելի ասել` երբեք» սկզբունքի վրա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի արտահերթ ընտրությունների պահանջին, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ եթե դա վերաբերելու է միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ապա դա միայն կբավարարի ՀԱԿ-ի քաղաքական հավակնությունները, իսկ հասարակությունը ոչինչ չի շահի: