Ռոբերտ Քոչարյանը ունի քաղաքականություն վերադառնալու բարոյական եւ քաղաքական իրավունքը: Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով խոսակցություններին, թե Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալով պայմանավորված, քաղաքականություն կարող է վերադառնալ նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը այդպիսի պարզունակ հետեւություններ է անում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում լիարժեք պետականություն չենք կառուցի»,- ասել է նա:
Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի վերադարձը, եւ ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա, Ծառուկյանը պատասխանել է.
«Ռուսական քաղաքական վերնախավի համար դա անսպասելի իրադարձություն չէր, քանի որ բոլորն են հասկանում, որ հենց նրա ժամանակ էր, որ Ռուսաստանը դուրս եկավ 90-ականներից եկած խորը ճգնաժամից, եւ կարողացավ կանգնեցնել չեչենական պատերազմը` կայունությունը վերականգնելով այդ երկրում: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կարծում եմ, որ նրա վերադարձը միմիայն դրական ազդեցություն կունենա մեզ համար, թե հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, եւ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներից»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին, հարցին, նա պատասխանել է. «Շատ նորմալ եւ աշխատանքային», իսկ ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին էլ ասել է. «Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ եւ գործող նախագահին, եւ 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, եւ մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները»:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ես նշեցի, որ մեր երկրում վիճակը այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, եւ այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012 թվականին մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը»:
Հարցին, թե գալիք ընտրություններին Բարգավաճ Հայաստանը պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով, ԲՀԿ առաջնորդն արձագանքել է. «Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ եւ հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը եւ շարժվելու եմ հենց այդ սկզբունքով»:
Նա չի պատասխանել հարցին, թե ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում, ասելով. «Այդ մասին հաջորդ դասին»:
Ծառուկյանն անդրադարձել է նաեւ երկրում ստեղծված բարոյահոգեբանական ու տնտեսական իրավիճակին, նշելով.
«Մենք դարձել ենք նյարդային եւ դառնացած ազգ: Բնականաբար, այս վիճակը պետք է փոխել: Պետք է փոխել վիճակը մեր քաղաքական, հասարակական դաշտում: Ատելությունն իրար նկատմամբ պետք է փոխարինվի հանդուրժողականությամբ եւ հարգանքով միմյանց նկատմամբ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց համախմբման չենք կարող այս վիճակից դուրս գալ: 2012 թվականը պետք է դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմաբ հարգանքի, բարգավաճման տարի:
Դրա համար շատ քիչ բան է պետք անել: Մեր պրոբլեմների 20- 25 %-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչու ենք մենք լրացուցիչ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները: Հայ մարդը պետք է կարողանա ընտանիք կազմել, տուն պահել: Հայերը ամբողջ աշխարհին ապացուցել են, որ գործունյա են: Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում հայերը հիմնականում գործարար են, աշխատասեր: Մենք էլ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա Հայաստանում, աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի նեղացած գնա երկրից: Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետեւ այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաեւ կրպակի տիրոջը, խանութի առեւտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան եւ իրենց հարկերով հարստացնեն նաեւ պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլեւս ձու էլ չի լինի: Մի՞թե ակնհայտ չէ այս ամենը:
Մարդկանց կյանքը թեթեւացնելը մեկ մարդու խնդիրը չէ, մարդկանց կյանքի որակը կրկին փոխելու համար պետական մոտեցում է պահանջվում: Իսկ իմ կողմից նշեմ, որ ես անընդհատ հանդիպումների եւ շփման մեջ եմ հասարակության ամենալայն շերտերի հետ: Դրանք չափազանց կարեւոր եւ հեռանկարային հանդիպումներ են: Հաշվի առնելով այսօրվա սոցիալական ծանր իրավիճակը` ես մեծացրել եմ աջակցությունս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, ընդլայնել ենք ծրագրերը, եւ գոնե այդպես փորձում ենք օգնել մարդկանց»: Այս ամենը նա ասել է zham.am-ին տված բացառիկ հարցազրույցում:



























