Ահաբեկչությունը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը մարդու իրավունքների համար եւ պետք է համարվի մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, ԵԽԽՎ-ում հայտարարել է այդ կառույցի ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, Ստարսբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ:
Նա հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը ամենաարդյունավետ գործիքներից է` ծայրահեղականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարում: Իր ելույթում Չավուշօղլուն կարեւորել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի ելույթը, որը նախատեսված է հոկտեմբերի 6-ին: Նա նաեւ նշել է, որ ԵԽԽՎ-ն կքննարկի Պաղեստինի հայտը` նրան «ժողովրդավարության գծով գործընկերոջ» կարգավիճակ տալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 3-ին, Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ի թիվս այլ հարցերի, նստաշրջանում կքննարկվի նաեւ Հայաստանի հարցը: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը նստաշրջանում ներկայացնելու են զեկույցը Հայաստանի ժողովրդավարական իստիտուտների մասին: Եվրոպական խորհրդարանականները կանցկացնեն քննարկումներ, իսկ փաստաթղթի վերաբերյալ քվեարկություն կկազմակերպվի հոկտեմբերի 7-ի նիստում:




























