Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում, հոկտեմբերի 3-ին, որոնողական աշխատանքները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում, աշխատողներին միացել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար, ինչպես նաեւ Լոռու մարզի մոտակա գյուղերից դեպքի վայր են մեկնել մոտ 40 կամավորներ` մասնակցելու որոնողափրկարարական աշխատանքներին:
Մինչ այդ, նույն օրը՝ ժամը 20.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում աշխատողներին միացել են Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար, Գեղարքունիքի մարզից` 27, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից ` 12 հրշեջ-փրկարար:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ հողազանգվածի տակ մնացած 35 ավտոմեքենաներից տեսանելի են 24-ը` 8 բեռնատար, 2 կռունկ, պետավտոտեսչության 2 մեքենա, 1 «Կամազ» մակնիշի մեքենա եւ եւս 11 թեթեւ մարդատար ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի:
Նշենք, որ անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ . Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:




























