Տավուշի մարզի M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի ունեցած սողանքն առաջացել է երեք պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:

«Ճանապարհի փլուզման հետ կապված նշվում է երեք պատճառ՝ տեկտոնիկ-սեյսմիկ, առատ տեղումները եւ մեծաքանակ տեխնիկայի կուտակում այդ վտանգավոր հատվածում»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, այդ տարածքում շրջված բեռնատար մեքենան հանելու համար ճանապարհի այդ հատվածում աշխատել է երկու վերամբարձ կռունկ, ինչի հետեւանքով առաջացել է խցանում: Կուտակված 35 մեքենաների ծանրության տակ, որոնց մի մասը բեռնատարներ են, ճանապարհը նստել է՝ առաջացնելով եւ փլվածք եւ սողանք:

Հարցին՝ չի եղել մի մասնագետ, որն այդպիսի ծանրաբեռնվածության անթույլատրելիության մասին տեղեկացներ, Գրիգորյանն ասաց. «Երեւի՝ չի եղել»:

Ինչ վերաբերում է սողանքի հետեւանքով հինգ անհայտ կորածներին, ապա Գրիգորյանը հույսը չի կտրում նրանց գտնելու. «Հույսը միշտ էլ կա»:

Սակայն պատասխանելով այն հարցին, թե արդյոք հույս կա, որ 30 ժամ անց հնարավոր լինի հողածածկի տակից ողջ մարդ դուրս բերել, Գրիգորյանն ասաց. «Ո՞նց կարող է հույս լինի»:

Հավելենք,որ ճանապարհի այս հատվածում փլուզում տեղի էր ունեցել դեռեւս սեպտեմբերի 29-ի գիշերը, սակայն այն դիտարկվել է որպես պարզ քարաթափում.  ճանապարհը մաքրել են, այն դարձնելով բանուկ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի:

Անհայտ կորած է համարվում  5 մարդ՝  Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ),  Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ),  Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),  Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով: