Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում ամբողջ գիշեր շարունակվել են որոնողա-փրկարարական աշխատանքները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 4-ի, առավոտյան ժամը 08:20-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:
Նշենք, որ անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:




























