Թուրքիան վերջին շրջանում «փայլում» է համաշխարհային արենայում` հասկացնելով, որ հարաբերությունները ՆԱՏՕ-ի շրջանակում եւ Եվրամիությանն անդամակցելու ձգտումն առաջնահերթային արժեքներ չեն եւ հանուն դրանց չի զիջի քաղաքական ու տնտեսական շահերը, գրում է Անդրեյ Միլովզորովը  «Թուրքիան ցանկանում է Եվրամիությանը թելադրել խաղի կանոններ» հոդվածում, «Yтро.Ru» կայքում:

«Թուրքիան միակողմանիորեն խզեց առեւտրային ու տնտեսական հարաբերություններն Իսրայելի հետ, վտարեց Իսրայելի դեսպանին եւ հրաման տվեց իսրայելական կործանիչները դիտարկել որպես թշնամական: Անցած տարի Անկարան հանդիմանեց նաեւ ՆԱՏՕ-ին` հայտարարելով, թե հակակրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելիս Իրանը պետք է չդիտարկվի որպես սպառնալիք: Վերջապես, Անկարան վերջնագրային լեզվով սկսեց խոսել Եվրամիության հետ, թեեւ շարունակում է ձգտել անդամակցության: Շատ կտրուկ է Թուրքիան արձագանքում նաեւ հունական Կիպրոսի ցանկությանը ածխաջրածնային արդյունահանում նախաձեռնել Արեւելյան Միջերկրականում:

Ընդհանուր առմամբ, Անկարան հասկացնում է, որ հարաբերությունները ՆԱՏՕ-ի շրջանակում եւ Եվրամիությանն անդամակցելու ձգտումն առաջնահերթային արժեքներ չեն եւ հանուն դրանց չի զիջի քաղաքական ու տնտեսական շահերը,

Թուրքիան նաեւ բազմիցս ներողություն է պահանջել տարբեր երկրների ղեկավարներից: Իսրայելի ղեկավարից բացի, միայն այս տարի այդ ցուցակում հայտնվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Թեեւ Էրդողանի կառավարությունն իր քաղաքական կրեդոն էր հռչակել «զրո հիմնախնդիր հարեւանների հետ»...

Ռուս-թուրքական հարաբերությունները եւս հեռու են իդեալականից: Անկարան արդեն մոտ մեկ տարի Ռուսաստանին թույլտվություն չի տալիս Սեւ ծովի իր բացառիկ տնտեսական գոտիում կառուցել «Հարավային հոսք» գազամուղը: Միաժամանակ, Անկարան ակտիվորեն աջակցում է եվրոպական էներգետիկ նախագծերի իրագործմանը սեփական տարածքում: Արդեն գործարկվել են Բաքու - Ջեյհան նավթամուղն ու Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղը: Հաջորդը Թուրքիա - Հունաստան - Իտալիա գազամուղն է, այնուհետեւ`  Nabucco-ն: Թուրքիան համաձայն չէ ընդամենը տարանցիկ երկրի կարգավիճակի հետ: Անկարան ցանկանում է դառնալ էներգառեսուրսների վերավաճառող` այդ կերպ կախվածության մեջ դնելով Եվրոպային:

Չնայած տնտեսական հաջողություններին եւ աճող քաղաքական կշռին Թուրքիան մնում է Եվրոպայի եւ Ասիայի «հիվանդ մարդը»` հիվանդագին եսասիրությամբ ու անձի երկփեղկվածությամբ: Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետությունն այժմ վերադառնում է իսլամական արմատներին, սակայն պարադոքսալ կերպով նոր ուժ է ստանում Աթաթուրքի անձի պաշտամունքը: Թուրքիան օտար է Եվրոպայի համար, եւ յուրային չէ մուսուլմանական աշխարհում: Հավանաբար, հենց այդ պատճառով Անկարայի քաղականությունն ունի ընդգծված անկախ բնույթ», - ամփոփում է հեղինակը: