Վստահության ստեղծումը, որպես հաշտության հիմք, անհրաժշետ պայմանն է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար: Այս մասին «Կոմերսանտ» թերթի իր հոդվածում գրում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանիերին:

«ԵԱՀԿ առաջնահերթությունն է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը, միաժամանակ թույլ չտալ էսկալացիա հակամարտության գոտում: Այս հարցում համընկնում են Ռուսաստանի եւ ԵԱՀԿ այլ առանցքային անդամների դիրքորոշումները: Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում եւ ՌԴ նախագահի անձնական ներգրավվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում կարեւոր տարրեր են, խնդրի լուծման հարցում»,- գրում է Ձանիերին:

Ռուսաստանի ակտիվ եւ կառուցողական մասնակցությունն են պահանջում նաեւ Ժնեւյան միջազգային քննարկումները, որոնք սկիզբ առան 2008-ին Վրաստանում տեղի ունեցած պատերազմից հետո: Այդ բանակցությունները արդեն տվել են որոշակի արդյունքներ. միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմի շրջանակներում, որը ստեղծվել է քննարկումների արդյունքում, համաձայնեցվել են մի շարք նախագծեր, որոնք այժմ իրականացվում են ԵԱՀԿ-ի կողմից` ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Որքան էլ կարեւոր լինի ԵԱՀԿ գործունեության գնահատականը ռազմաքաղաքական առումով, անվտանգությունն անհամեմատ մեծ է, քան ուղղակի կամ անուղղակի ռազմական սպառնալիքները: Անվտանգությունն, ըստ էության, վստահությունն է վաղվա օրվա հանդեպ, կյանքի բոլոր ոլորտներում, նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: