Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են: Ներկայումս մշակվում են տարբերակներ` որոնողական աշխատանքներում ինժեներական ծանր տեխնիկա կամ օդուժ ներգրավելու համար: Բանակցություններ են վարվում հողազանգվածի տակ հայտնված մեքենաները «Հարավկովկասյան երկաթուղու» կռունկների եւ  Պաշտպանության նախարարության ուղղաթիռների օգնությամբ  դուրս բերելու վերաբերյալ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, ներկա դրությամբ սողանքային գոտին բաժանված է 5 տեղամասի, որտեղ աշխատում են տարբեր մարզերից ներգրավված փրկարարներ`մի քանի հերթափոխով:

Չնայած պատահարի հենց առաջին ժամերից դեպքի վայրում են գտնվել նաեւ Պաշտպանության նախարարության եւ մասնավոր ընկերությունների տրամադրած քարշակներն ու այլ ծանր տեխնիկան` մինչ հիմա, ելնելով եղանակային պայմաններից եւ սողանքային գոտու շարունակվող ակտիվությունից, փրկարարներն ու կամավորներն աշխատել են բացառապես ձեոքի ուժով` բահերի եւ այլ փրկարարական գործիքների օգնությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության ավտոմեքենա:

Նշենք, որ անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով: