Լեռնային Ղարաբաղի հարցը շատ կարեւոր է տարածաշրջանի համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն:
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու եւ դրան Ռուսաստանի հնարավոր համապատասխան գործողությունների դեպքում, ռումինացի դիվանագետը հիշեցրել է, որ բազմիցս ասվել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դուրս է ՆԱՏՕ-ի իրավասության շրջանակներից:
Դիտարկմանը, թե այսինքն հնարավոր պատերազմի դեպքում, ՆԱՏՕ-ն անտարբե՞ր կլինի, դեսպանը նշել է, որ «ոչ ոք չի խոսել անտարբերության մասին»: Նրա խոսքով, հնարավոր են նաեւ այլ սցենարներ, օրինակ երկխոսությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ:
Մեկնաբանելով կարծիքը, թե Ռումինայի հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի ակտիվորեն են զարգանում, քան Հայաստանի հետ, Կրինա Պրունարիուն նշել է, որ այդ կարծիքն արդարացված է:
«Ռումինիային եւ Ադրբեջանին կապում են էներգետիկ անվտանգության խնդիրները, այստեղից էլ մյուս նրբերանգները: Դա անհնար է ժխտել: Բայց քաղաքական առումով, Ռումինիան փորձում է քաղաքական հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Երբեմն դա հաջողվում է, երբեմն` ոչ»,-ասել է նա, հավելելով, որ Ռումինիան միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններում փորձում է գործել այնպես, որ չզգացվի այս կամ այն կողմի նկատմամբ նախընտրությունը:




























