Հոկտեմբերի 4-6-ին եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին, ով այսօր` հոկտեմբերի 4-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ քննարկել է Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Զարգացման հայկական գործակալության կողմից հյուրերին է ներկայացվել Հայաստանի գործարար ու ներդրումային միջավայրը, երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորությունները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերը:

Քուվեյթի պաշտոնական պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսվում են Քուվեյթի ֆինանսների նախարարի հանդիպումները ՀՀ վարչապետի եւ նախագահի, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարի եւ ԱԳ նախարարի հետ: Կկայանա նաեւ Հայաստանի եւ Քուվեյթի միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: