Չեխիայում, հոկտեմբերի 3-ին, Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի առաջին փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի (Karel Schwarzenberg) հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-չեխական հարաբերությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Շվարցենբերգը հատկապես կարեւորել է համագործակցության հեռանկարները մշակույթի եւ, միգուցե նաեւ՝ ատոմային էներգետիկայի բնագավառներում:
Զրուցակցի խնդրանքով դեսպան Սեյրանյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ մոտեցումները: Անդրադարձ է եղել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մասնավորապես` կազանյան հանդիպմանը, որը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Տիգրան Սեյրանյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն պատրաստ է նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական նոր արկածախնդրության դեպքում խաղաղություն պարտադրել նրան:




























