Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ընդդիմադիր ակտիվիստներին, ովքեր դատապարտվել են Բավքում, այս տարվա ապրիլի 2-ին բողոքի խաղաղ ակցիաներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու համար: Այս մասին ասվում է միձազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության հայտարարության մեջ, որը հաջորդել է Բաքվի դատարանում ընդդիմության արդեն 10 ակտիվիստների նկատմամբ ազատազրկման դատավճիռներ կայացնելուն, հաղորդում է contact.az-ը:
«Այսօր Ադրբեջանում քննադատող ձայները խլացվում են: Կառավարությունն ավելի հաճախ է փորձում փակել ընդդիմության բերանը, հույս ունենալով, որ դրա արդյունքում նրանք կվախենան եւ ձեռնպահ կմնան բողոքի ակցիաներին մասնակցելուց»,-ասել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Նիքոլա Դաքվորթը: «Ընդդիմադիրները հայտնվել են վանդակաճաղերի հետեւում, միայն նրա համար, որ մասնակցել են խաղաղ ցույցերի` քաղաքական բարեփոխումների կոչերով եւ կառավարությանը կոռուպցիայի մեջ մեղադրող հայտարարություններով: Ընդդիմադիրների եւ ցանկացած անձի նկատմամբ, ով համարձակվում է քննադատել կառավարությանն ու նախագահ Ալիեւին, սիստեմատիկ հետապնդումներին եւ կալանավորումներին պետք է վերջ տրվի»,-ընդգծել է նա:
«Amnesty International-ը դատապարտվածներին համարում է խղճի կալանավորներ, որոնք ընդամենը իրացրել են ազատ արտահայտվելու իրենց իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ:



























