Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի վայրում, այս պահին սկսվել են պաշտպանության նախարարության օդուժի օգնությամբ հողազանգվածի տակ մնացած մեքենաների դուրս բերման աշխատանքները:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ խոսքը վերաբերում է մեկ ուղղաթիռի: Նրա խոսքով, այս պահին կապում են մեքենաները, որ ուղղաթիռը մոտենա եւ տեղափոխի դրանք:

«Քննարկումից հետո որոշում կայացվեց կիրառել ուղղաթիռը, որպեսզի խուսափենք փլուզման նոր վտանգից, մինչդեռ ծանր տեխնիկայի կիրառումը կարող էր հանգեցնել նոր փլուզումների: Ուղղաթիռն ամենաանվտանգն է»,- ասաց Գրիգորյանը:

Պատասխանելով հարցին, թե արդոք Վրաստանի իշխանություններն առաջարկե՞լ են իրենց օգնությունը հողազանգվածի տակ մնացած մեքենաների դուրս բերման հարցում, Գրիգորյանն ասաց. «ԱԻՆ նախարարին զանգահարել է Հայաստանում Վրաստանի դեսպանն ու փոխանցել իր կառավարության օգնության առաջարկը: Առաջարկի համար հայկական կողմը հայտնել է իր երախտագիտությունը, սակայն օգնությունից հրաժարվել է, քանի որ աջակցության կարիքն այս  պահին  չկա»:

Նշենք, որ գործի դրված ուղղաթիռով այսօր Տավուշի  մարզ է մեկնել Արտակարգ իրավիճակների  նախարար Արմեն Երիցյանը:

Հավելենք, որ ներկայումս տարածքում բարենպաստ եղանակային պայմաններ են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:

Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով: