Ազգային անվտանգության խորհրդում, այսօր` հոկտեմբերի 4-ին, կայացել է Հայաստանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավարտին են մոտեցել հանձնախմբի կողմից կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման տեւական աշխատանքները: Կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագիրն այնուհետեւ ներկայացվելու է Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը եւ հավանության արժանանալու դեպքում այն սահմանված կարգով կվավերացվի ՀՀ Նախագահի կողմից` համապատասխան  իրավական ակտով:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը Հայաստանի համար ոչ միայն հանրային գերակայություն է եւ ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, այլ նաեւ այն ներառված է Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում: Միջազգային երեք` ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՆԱՏՕ, ՀՀ-ՀԱՊԿ մանդատների շրջանակներում Հայաստանը ստանձնել է պարտավորություն` մշակել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն: ԱԱԽ տարեկան պլանի համաձայն Ազգային անվտանգության խորհրդում մինչեւ տարվա վերջ պետք է քննարկման դրվի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որը հնարավորություն կտա հանցավոր խմբերի դեմ առավել համակարգված եւ արդյունավետ պայքարի ճիշտ գործիքներ կիրառել:    

«Վերջին շրջանում հանրապետությունում նույնպես նկատվեցին կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության աճ: Ես ուզում եմ նշել մեր իրավապահ մարմինների կատարած աշխատանքը, հատկապես մեր ոստիկանության  ջանքերի շնորհիվ վերջերս վնասազերծված ավազակային հանցավոր խմբավորումը, որը Երեւան քաղաքում լայնածավալ գործողություններ էր իրականացնում իր հանցավոր գործունեությունը ընդլայնելու նպատակով: Նաեւ մենք նկատում ենք, որ կազմակերպված հանցավորությունը աճի միտում ունի ընդհանրապես ամբողջ աշխարհում: Հայաստանը նույնպես անմասն չէ, եւ մենք պետք է կարողանանք արդյունավետ պայքարի ճիշտ գործիքներ կիրառենք: Այս իմաստով այս փաստաթղթի ընդունումը կարեւոր նշանակություն ունի, որին պետք է հաջորդեն, եթե անհրաժեշտ կլինի, համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտեր, ֆինանսական միջոցների հատկացում, որպեսզի այս չարիքի դեմ պայքարը մեր երկրի կողմից իրոք կրի համակարգված բնույթ»,-ասել է Ա. Բաղդասարյանը: 

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը: Պարոն Օսիկյանի հաղորդմամբ` փաստաթուղթը մշակվել է այն բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունների մասնակցությամբ, որոնք թե ուղղակիորեն, թե անուղղակի կերպով առնչվում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ, այդ թվում` ՀՀ ոստիկանություն ԱԱԾ, դատախազություն, արդարադատության եւ ֆինանսների նախարարություններ: Ի լրումն, ծրագրում տեղ են գտել ՀՀ Նախագահի աշխատակազմի, ԱԱԽ աշխատակազմի, ինչպես նաեւ աշխատանքներում լայնորեն ներգրավված ԵՄ փորձագետների դիտարկումները: