Հնգօրյա կտրուկ վերելքից հետո, երբ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում աճեց մինչեւ 376.5 դրամ, այսօր` հոկտեմբերի 4-ին, դոլարը կրկին էժանացավ: Բորսայական գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376 դրամ:

Վերջին ամիսների գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոխարժեքի փոփոխությունները բորսայում ունեն պարաբոլիկ կառուցվածք: Այսինքն` մի որոշ ժամանակ դոլարը թանկանալուց կամ էժանանալուց հետո հասնում է իր առավելագույն կամ նվազագույն կետին, որից հետո փոփոխվում հակառակ ուղղությամբ: Այս տրամաբանության ներքո պետք է սպասել, որ դոլարը վաղը կշարունակի էժանանալ:

Այսօր բորսայում վաճառվել է մոտ 1 մլն դոլար, ինչը նշանակում է, որ դոլարային աժիոտաժը իրոք ավարտվել է: Սակայն կանխիկ արտարժույթի շուկան առայժմ զգուշությամբ է մոտենում դրամի ամրապնդման հեռանկարին: Այսպես` բորսայում առեւտրային նստաշրջանի փակվելուց հետո էլ որոշ բանկեր պահպանել են դոլարի առքի 374.5 դրամ փոխարժեքը, իսկ դոլարի վաճառքի նվազագույն փփխարժեքը շուկայում 376 դրամն է: