Հայաստանի երկրորդ նախագահը, ինչպես եւ երկրի բոլոր քաղաքացիները իրավունք ունեն ակտիվություն ցուցաբերել խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին, հոկտեմբերի 4-ին, կայացած ասուլիսում հայտարարել է իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե տեսնո՞ւմ է նոր գործող անձանց մեջ Հայաստանի երկրորդ նախագահին` նա նշել է. «Խոսքը դեռեւս գնում է ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական ընտրությունների մասին: Նրա ակտիվությունը կախված է նրանից եւ նրա քաղաքական գործունեությունից: Այսօր ես նման ակտիվություն չեմ տեսնում: Ես չեմ նկատում, որ երկրորդ նախագահը փորձում է ակտիվություն դրսեւորել խորհրդարանական ընտրությունների նկատմամբ: Երկրորդ նախագահը, ինչպես եւ մենք բոլորս, իրավունք ունի դրսեւորել կամ չդրսեւորել ակտիվություն: Դա նրա գործն է»:

Անդրադառնալով մամուլում հայտնված երկակի հրապարակումներին` Սահակյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսաակցությունն այն ուժն է, որ օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին իր գործունեության մեջ. «Չգիտես թե ինչու, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետական կուսակցության համար «բոբո» է: Մենք մեծ դեր ենք խաղացել այն բարեփոխումների մեջ, որոնք իրականացվել են Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում: Մենք բարձր ենք գնահատումը նրա ներդրումը պետականության կառուցման գործում, ինչ վերաբերվում է այսօրվա տեսակետին, ապա մենք չգիտենք, թե ով ինչ տեսակետ կունենա վաղը, եւ թե ինչ տեսակետի կողմնակից կլինի Ռոբերտ Քոչարյանը: Ես չեմ կարծում, որ կան հանրապետականներ, ովքեր վատ են վերաբերվում երկրորդ նախագահին»: