Բժիշկները, դատավորները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանատվություն են կրում «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության փոխնախագահ Վասիլ Ալեքսանյանի սպանության համար, համոզված է Մոսկովյան հասարակական բարեգործական ֆոնդի` «Սոցիալական համագործակցության» ղեկավար Վալերի Բորշեւը:

«Սպանություն է ձերբակալել այդքան ծանր հիվանդությամբ տառապող մարդուն եւ նրան ձեռնաշղթաներով կապել անկողնուն, ինչպես մենք տեսնում ենք: Դա բարբարոսություն է: Նման իրավիճակում պահելն արագացրել է նրա մահը»,-շեշտել է Բորշեւը:

Իրավապաշտպանը նշել է, որ Ալեքսանյանի` քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ Ռուսաստանում օրենք չի եղել, ըստ որի` ՁԻԱՀ-ով տառապող մարդը կարողանար ազատվել կալանքից:

«Այժմ նման ձեւակերպում կա»,-ասել է նա, հաղորդում է «Օպերատիվնո. Ua»-ն:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը նախօրեին մահացել է Մոսկվայում` 39 տարեկան հասակում: Քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ նրա մոտ ախտորոշել են քաղցկեղ, տուբերկուլյոզ եւ ՁԻԱՀ, նա գրեթե կուրացել էր: