Երկխոսությունը դա չընդհատվող գործընթաց է, ոչ թե քմահաճույք` «այսօր ուզում են, վաղը` ոչ»: Այդ մասին, հոկտեմբերի 4-ին, կայացած ասուլիսում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, որ դատապարտում է կոալիցիայի իր գործընկերներին, որ նրանք հաշվի են առնում ՀԱԿ-ի քմահաճույքները երկխոսության հարցում:
«Ես հանդես եմ գալիս երկխոսության օգտին, եւ ինքս նպաստել եմ դրա ձեւավորմանը: Բայց ինձ համար` որպես երկխոսությունը վարող աշխատանքային խմբի անդամ, տհաճ է երկխոսությունը, քանի որ ես շատ բան գիտեմ: Ես չէի ցանկանա հանդիպել մարդկանց, ովքեր առավոտյան արթնացել են, դիմակ հագել եւ մտել հասարակության մեջ` իրենց պահանջները առաջ քաշելու համար»,-հայտարարել է Սահակյանը:
Պատգամավորի կարծիքով, երկխոսության ձեւի մեջ, որով այն տարվում էր, բովանդակություն չկար. «Աշխատանքային խումբը միայն բավարարել է ՀԱԿ-ի ցանկությունը` շփվել կառավարության ընդունելությունների տանը: Երկխոսությունը մշտական գործընթաց է եւ շարունակվում է նաեւ այսօր, բայց այլ ձեւով»:
Միաժամանակ Սահակյանը նշել է, որ երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի առաջարկը անիմաստ է, քանի որ ՀԱԿ-ն ինքն է սառեցրել գործընթացը, երբ զգաց, որ պարտվում է. «Այժմ էլ մարդկանց հավաքելով հրապարակում` ՀԱԿ-ը կարծում է, որ իր դիրքերը ամրապնդվել են, եւ առաջարկում է վերսկսել գործընթացը: Եթե շարունակենք շարժվել այդ ուղիով, ապա անիմաստ է, մենք հո խաղ չենք խաղում»:




























