Հաջորդ շաբաթ հայ-ադրբեջանական բանակցություններ են նախատեսված։ Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ Սամադ Սեիդով։
Նա չի հստակեցրել հանդիպման վայրն ու ձեւաչափը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև բանակցությունները շարունակվում են։ Հաջորդ շաբաթ տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը։ Տեսնու՞մ եք հայաստանցի իմ գործընկերոջ հռետորաբանությունը։ Նրանք երազում են անցյալի տերմիններով, չեն կարողանում մտածել ապագայի մասին»,- ասել է Սեիդովն ու ընդգծել, որ հայ պատգամավորների բարձրացրած հարցերը չեն համապատասխանում իրականությանը։
Նա ամբողջությամբ հերքում է Արցախի ակնհայտ շրջափակման փաստը։
«Ոչ մի շրջափակում չկա, այսպես կոչված ցեղասպանությունը լրիվ դուրս է օրակարգից, Լաչինի միջանցքի փակումը լրիվ թյուր կարծիք է, սադրանքները Հայաստանի կողմից են, ոչ թե Ադրբեջանի, ռազմական գործողություններ, ցավոք, մենք տեսնում ենք»,- ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ կոչ անելով հայկական կողմին կոչ անելով «նստել և Բաքվի հետ ապագայի շուրջ ուղիղ երկխոսություն սկսել»։





























