«Եթե Սիրիայի դեմ կիրառվեն «խելահեղ» միջոցներ` ես վեց ժամում հարյուրավոր հրթիռներ կարձակեմ Իսրայելի վրա»: Այդ մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ասադը նաեւ հայտնել է, որ Սիրիայի դեմ ՆԱՏՕ-ի ուժերի հարձակման դեպքում Իրանը կգրոհի Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ռազմանավերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ասադի հայտարարությունները պատահական չեն, քանի որ Թուրքիայի զինված ուժերը նախատեսում են հոկտեմբերի 5-ից 13-ը մոբիլիզացիոն վարժանքներ անցկացնել Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում, որտեղ ավելի քան 7 հազար սիրիացի փախստականներ են պատսպարվել: Վարժանքների ժամանակ այցելելու է վարչապետ Էրդողանը, որը մտադիր է հանդիպել փախստականների հետ: Վերլուծաբանների կարծիքով, Անկարան մտադիր է Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել` քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ փախստականների հոսքը կանխելու նպատակով:




























