Բողոքի ալիքն ալեկոծել է Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող Էլ-Կատիֆ քաղաքը: Ակցիան պատասխանն է նախօրեին հարեւան Էլ-Ավամիում ցուցարաններին դաժանաբար ցրելու գործողությանը:
Ցուցարարների խոսքով, այնտեղ վիրավորվել էր 40 մարդ եւ մինչ այժմ նրանք գտնվում են ոստիկանության շրջափակման մեջ: Իրենց գործողությունները ցուցարարներն անվանում են «ինտիֆադա» կամ ապստամբություն, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Press TV-ին:
Ոստիկանության տվյալների համաձայն, Էլ-Կատիֆում ոստիկանության եւ ցուցարարների բախումների արդյունքում տուժել է 14 մարդ, որից 11-ը ոստիկաններ են եւ միայն 3-ն են ցուցարարներ: Ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ ամեն բան տեղի է ունենում «օտարերկրյա պատվիրատուների ցանկությամբ»:
Վերջին մի քանի ամիսներին, Սաուդյան Արաբիայի արեւելյան շրջաններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են մի շարք բարեփոխումներ, ինչպես նաեւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:




























