Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած խոշոր սողանքից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել Հայաստանի ԱԻՆ մասնագետներից կազմված խումբը, որն իրականացրել է սողանքի ուսումնասիրություն:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալ տարածքը բնութագրվում է լանջերի թեքությամբ եւ սողանքային երեւույթների մի շարք օջախներով:

Այդ օջախները դեռեւս 2004 թ. գույքագրվել եւ գրանցվել են Քաղաքաշինության եւ  ԱԻ նախարարություննների, ինչպես նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մասնագիտական խմբերի կողմից:

Համաձայն ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալության տվյալների` 2011թ սեպտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 13.58-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա քաղաքից 24 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաեւ Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի եւ Աշոցք քաղաքներում, ինչը եւս իր բացասական ներգործությունն է թողել տարածաշրջանի փլուզումային գոտիների լեռնազանգվածների տեղաշարժի գործընթացների վրա:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երեւույթները, ինչի հետեւանքով մոտ 3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին:

Հոկտեմբերի 2-ի փլուզմանը եւ սողանքին նպաստել են նաեւ վերջին օրերի հորդառատ անձրեւները:

Դեռեւս ակտիվ սողանքային երեւույթները խոչնդոտում են որոնողափրկարարական աշխատանքների ամբողջ ծավալով իրականացմանը:

Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Նշենք, որ երեկ փրկարարներին հաջողվել է ՊՆ ուղղաթիռի եւ երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ փլուզման գոտուց դուրս են բերել 9 մարդատար ավտոմեքենա: Հիշեցնենք, որ սողանքից տուժել է առնվազն 35 մեքենա: Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ սողանքային վտանգավոր գոտուց դուրս բերել եւս մեկ մարդատար մեքենա:

Հոկտեմբերի 5-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան: Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: