Թուրքական Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի համար գիտնականներ Գյունայ Գյոքսու Օզդողանը եւ Օհաննես Քիլիչդաղին անցկացրել են հետազոտություն («Թուրքիայի հայերին լսելիս. հիմնախնդիրներ, պահանջներ եւ լուծումներ»), որի համաձայն Թուրքիայի հայերն իշխանություններից պահանջում են ոչ թե հանդուրժողականություն, այլ սեփական իրավունքների հարգում:
Քիլիչդաղիի խոսքով, «հանդուրժողականությունը» ենթադրում է, որ իշխանույթյունները լավություն են անում երկրորդ սորտի քաղաքացիներին, որոնց այնքան էլ չեն սիրում:
«Օրինականությունը պետք է բխի մարդու իրավունքներից, այլ ոչ թե հանդուրժողականությունից: Պետք է քաղաքացիների հավասարության գիտակցում», - նշել է նա` ավելացնելով, թե անհրաժեշտ է ընդունել նոր Սահմանադրություն, որը չի ունենա հղումներ էնթո-մշակութային պատկանելությանը:
Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածում գրված է. «թուրքական պետության քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր ոք թուրք է»: Թուրքիայում շատերի, այդ թվում հայերի համար շեշտադրումը «թուրք» բառի վրա ընկալվում է որպես խտրական մտածողության խրախուսում, ինչը հակասում է իրավապաշտպան սկզբունքներին:
170-էջանոց ուսումնասիրության հիմքում անցած տարի տեղի ունեցած չորս սեմինարների քննարկումներն են, որոնց մասնակցել են Թուրքիայի հայեր, ուսուցիչներ, լրագրողներ, գիտնականներ, փորձագետներ:
Մասնակիցների կարծիքով, բարեփոխումների գործընթացը մեծ կախվածություն ունի վարչապետ Էրդողանի կամքից: Ուսումնասիրությունում նշվում է, որ գործողությունները միայն հաստատում են այդ տպավորությունը: Այդ համատեքստում բերվում է Սուրբ Խաչ եկեղեցու օրինակը: Վանում գտնվող եկեղեցին չվերադարձվեց Պոլսի պատրիարքարանին, սակայն թույլատրվում է տարին մեկ անգամ պատարագ անցկացնել:
Հետազոտության մասնակիցները նաեւ անհանգստություն են հայտնում, որ «հայ» բառը Թուրքիայում համարվում է վիրավորական:
1997 թվականին Թանսու Չիլլերի կառավարման շրջանում, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Մերալ Աքսեները Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանին վիրավորելու համար օգտագործեծ «Ermeni dölü»` «հայի զավակ» արտահայտությունը: Այդ միջադեպը շատերն են հիշում մինչեւ այսօր: Բացի այդ, մի քանի տարի առաջ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արիթմանը հայկական ծագում ունենալու մեջ «մեղադրեց» նախագահ Գյուլին, որը դա ընկալեց որպես վիրավորանք եւ դատի տվեց Արիթմանին:
Ուսումնասիրությունում կոչ է արվում քաղաքացիական կազմակերպություններին, լրատվամիջոցներին եւ համալսարաններին աչք չփակել 1995թ. Հայոց ցեղասպանության քննարկումների վրա:
Թուրքիայի հայ համայնքին խորհուրդ է տրվում հրաժարվել պասիվ կեցվածքից եւ ակտիվորեն մասնակցել հասարակական, քաղաքական նախաձեռնություններին:
Թուրքիայի խորհրդարանին, քաղաքական կուսակցություններին եւ կառավարությանը կոչ է արվում նոր սահմանադրությունում հավասար իրավունքներ ամրագրել բոլոր էթնիկ խմբերի համար, մշակութային բազմազանության ճանաչումն ու հարգումն ընդունել որպես սահմանադրական սկզբունք:
Անհրաժեշտ է համարվում Թուրքիայի քրեական օրենսգրքում ատելության քարոզչությունն ու ատելության հողի վրա կատարած հանցագործությունները որակել ոչ թե հասարակական կարգն ու հանգիստը խախտող արարքներ, այլ սկզբունքորեն սխալ երեւույթներ:
Հայկական դպրոցներին պետք է տրվի հատուկ մշտական կարգավիճակ, իսկ Հայաստանից եկած երեխաներին` մայրենի լեզվով ուսում ստանալու իրավունք:
Պատմության դասագրքերը պետք է զերծ լինեն հայերի նկատմամբ ատելություն եւ թշնամանք բովանդակող տեքստերից:
Հայկական պատրիարքությանը պետք է հատկացնել իրավաբանական անձի հատուկ կարգավիճակ:
Ուսումնասիրությունում նաեւ նշվում է, որ հայ-թուրքական արձանագրությունների իրագործումը, սահմանների բացումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների բարելավմանը:
Նաեւ անհրաժեշտ է համարվում Հրանտ Դինքի սպանության գործի խորհրդարանական հետաքննություն եւ բոլոր հանցագործների բացահայտումը:




























