Մեծ քաղաքականություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի շանսերը հավասար են զրոյի: Այսօր` հոկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:

«Ժողովուրդը դեռ չի խելագարվել»,- պարզաբանեց նա ու հավելեց, որ եթե որոշները գումարի դիմաց կարող են դառնալ Քոչարյանի մունետիկները, ապա ժողովրդի մեծ մասը սթափ է: Սեֆիլյանի խոսքով, Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու երազանքները դատապարտված են մնալ միայն երազանքներ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ նրանք, ովքեր հանցագործություն են գործել սեփական ժողովրդի դեմ, հրամայել է կրակել ժողովրդի վրա (նկատի ունի մարտի 1-ի դեպքերը-խմբ), պատասխան են տալու օրենքի առաջ, այն Հայաստանի, որը մենք պատկերացնում ենք եւ ձգտում ենք ստեղծել»:

Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների մասին հարցին էլ, արձագանքեց, որ այնտեղ, որտեղ բախվում են շահերը, ընկերություն չկա: