Լիբանանահայ համայնքը կարեւոր դեր է կատարում Լիբանանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 5-ին, հայտարարել է է պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: ԱԳ նախարարը նշել է նաեւ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առեւտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի:

Երկուստեք առանձնակիորեն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Զրուցակիցները քննարկել են միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները: