Ազատության հրապարակի ամբիոնում կանգնողներից շատերն ուղղակի իրենց օգտին են օգտագործում ժողովրդի արդարացի պոռթկումները: Նման կարծիք է հայտնել «Սարդարապատ» նախաձեռնողական շարժման անդամ, ղարաբաղյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, հոկտեմբերի 5-ին կայացած աուլիսում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱԿ-ը շուրջօրյա բողոքի ակցիա է անցկացնում Երեւանի Ազատության հրապարակում: Հիմնական պահանջը խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն է:
Խոսելով այն պատճառների մասին, որոնց հետեւանքով ինքը չի միացել ՀԱԿ-ի ակցիային` Սեֆիլյանը ասել է, որ դրանք շատ են եւ թվարկելը երկար ժամանակ կխլի, սակայն, այնուամենայնիվ, նշել է դրանցից մի քանիսը:
Ամենագլխավորը ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ առաջ քաշած պահանջի հետ չհամաձայնվելու հանգամանքն է: «Մենք բազմիցս նշել ենք, որ ներկա վարչակարգի օրոք ընտրություններին մասնակցելը ոչ միայն միամտություն է, այլ նաեւ նշանակում է դառնալ հանցագործության հանցակից»,-նշել է Սեֆիլյանը` հավելելով, որ ընտրությունները միայն նպաստում են ներկայիս վարչակարգի վերարտադրողականությանը:
Նշելով, որ ՀԱԿ-ի անդամները չեն հրաժարվել այդ պահանջից` Սեֆիլյանը հայտարարել է, որ Ազատության հրապարակի ամբիոնում կանգնողներից շատերը ուղղակի իրենց օգտին են օգտագործում ժողովրդի արդարացի պոռթկումները:
Ինչ վերաբերվում ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը, ապա Սեֆիլյանը համոզված է, որ առաջիկայում երկխոսությունը եւս հնարավոր է, եւ նույնիսկ հնարավոր է «Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսնել մեկ սեղանի շուրջ»: Խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին` Սեֆիլյանը նշել է, որ նա ընդունել է իշխանությունների խաղի կանոնները` հուսալով խուսանավել: «Բայց խուսանավել հնարավոր չէ: Դա ճահիճ է»,-զգուշացնում է Սեֆիլյանը:
Այդուհանդերձ Սեֆիլյանը կարծում է, որ իշխանություններին ձեռնտու է ՀԱԿ-ի նման ընդդիմությունը, որը վերահսկելի է: Նման հանգամանքներում ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի թուլացած, որը նրան կդնի խնդրողի դերում. լուրջ պայքարի փոխարեն նա կխնդրի «իրեն մի քանի մանդատ տալ»:
Այն հարցին, թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել նման սցենարին` Սեֆիլյանը կարծիք է հայտնել, որ առաջին նախագահը ընտրություններից բացի, պայքարի այլ մեթոդներ չգիտի, այդտեղ էլ հույսը դրել է օտարների վրա: Ազատության հրապարակում հավաքվածների ակտիվությունը Սեֆիլյանը բացատրել է նրանով, որ մարդիկ փոփոխություններ են ցանկանում, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«Նրանք ակտիվ երիտասարդներ են, եւ ես հպարտանում են նրանցով»,-հայտարարել է Սեֆիլյանը` հայտնելով, որ շատերն են դիմում նրան` ակցիային չմասնակցելու հետ կապված: «Դրա համար այսօր ժամը 3-ից 6-ը ես կլինեմ հրապարակում, բայց ոչ թե ամբիոնում, այլ ժողովրդի հետ»,-նշել է Ժիրայր Սեֆիլյանը:




























