Հայ ազգային կոնգրեսի կողմից երկխոսությունից հրաժարվելու հայտարարությունը շտապողական հայտարարություն էր, եւ մտածելուց հետո կփոխեն իրենց կարծիքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի` հոկտեմբերի 4-ի հանրահավաքում հնչած հայտարարությունը:
«Ես չեմ կարծում, որ դրանով փակվում է երկխոսության դուռը: Մեր կողմից նախաձեռնությունն արդեն եղել է, որ մենք պատրաստ ենք երկխոսությունը շարունակելու, սակայն նման պայմաններում, հանրահավաքների շարունակականության պայմաններում, դա գրեթե աննպատակահարմար կլինի»,- նշել է պատգամավորը:
Վերջինս նաեւ չի կարծում, որ նման պայմաններում սրացումներ կլինեն: «Սովորական հանրահավաքային պրոցես է, որը ժամանակի ընթացքում կմարի, եւ իրենք ճիշտ որոշումների կհանգեն»,- ասել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, թե «Հայ Ազգային Կոնգրեսը ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն»: «Մեր առջեւ դրված խդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ:
Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր Հայ Ազգային Կոնգրեսի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք`ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին»,- նշել էր նա:




























