Սարկոզին, Սահակաշվիլին ու Օբաման նոր դարաշրջանի նախագահներ են, որոնք մեծամասամբ աշխատում են սեփական PR-ի վրա: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի անվտանգության քաղաքականության փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին:
Փորձագետի խոսքով, նման նախագահները ճգնաժամային իրավիճակում փորձում են ազդեցություն թողնել հրապարակային ելույթների միջոցով, ինչը Սարկոզին կիրագործի հոկտեմբերի 7-ին, Վրաստանի ազատության հրապարակում` դիմելով վրաց ժողովուրդին:
«Ինչ վերաբերում է Սարկոզիի այն հայտարարությանը, թե 2008 թվականին ինքը հերոսություն է արել եւ կանգնեցրել է ռուս-վրացական պատերազմը, ապա նա այդ ժամանակ նույնպես աշխատել է սեփական իմիջի վրա, չնայած իրականում Վրաստանը ոչ մի արդյունքի չհասավ»,-ընդգծել է նա, նշելով, որ Սարկոզին Վրաստանում կայանալիք ելույթի ժամանակ կհայտարարի, որ Ռուսաստանը չիրագործեց Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնագիրը եւ ինքը մնալով նույն դիրքորոշման վրա` Ռուսաստանին կխնդրի իրագործել այն:




























