Սփյուռքից հայրենադարձները պետք է տեսնեն, որ Հայաստանում իրենց սպասում են: Այս մասին այսօր` հոտկետբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ որպես օրինակ բերել Սփյուռքի նախարարության կայքի վերջին հրապարակումներից մեկը: «Նշվում է, որ Հայաստանը սպասում է սփյուռքահայերի մեծ հոսքի: Սպասվում է, որ միջինը նրանցից յուրաքանչյուրը Հայաստանում ներդրումների եւ անշարժ գույք գնելու վրա կծախսի միջինը 50 հազար դոլար: Ստացվում է, որ եթե դու չունես 50 հազար դոլար, ուրեմն «Հայաստանը դու չե՞ս»: Գոնե կարելի էր սփյուռքահայերի հոսքի մասին գաղափարն ավելի կոռեկտ ձեւակերպել»,- հայտարարեց ՀՅԴ-ական գործիչը, հավելելով, որ անհասկանալի է, թե պատրաստվո՞ւմ է նախարարությունը բնակարանի կամ աշխատանքի հարցով աջակցություն ցուցաբերել Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար:
Դրա հետ մեկտեղ, ըստ Հովհաննիսյանի, հայրենադարձների նկատմամբ կիրառվում են խիստ վարչական ընթացակարգեր: «Այդպիսի դեպք եղավ սիրիահայերի հետ, ովքեր տեղավորվել էին Ղարաբաղում: Նոր Տարուն այցելելով Երեւան, նրանք ձերբակալվել էին ինչ-որ վիզային հարցերի համար եւ արտաքսվել երկրից»,- ասաց նա:
Իր պատասխան ելույթում, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ հայրենիք վերադարձող հայերին աջակցությունը կախված է կոնկրետ ծրագրից: «Վերադարձը կարող է լինել հայրենադարձի նախաձեռնությամբ, այդ դեպքում մենք կարող ենք տրամադրել Հայաստանում բնակեցման ընթացակարգերին: Եթե մեր հայրենակիցները վերադառնում են նպատակային ծրագրով, օրինակ մասնագետների հրավերով, ապա Հայաստան ժամանելուն պես նրանք անցնում են աշխատանքի, որի համար հրավիրվել են»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, նա նշեց. «Մենք պետք է իմանանք, թե հատկապես ինչու են մարդիկ այցելում Հայաստան եւ ինչ գործունեություն են իրականացնում: Հետեւաբար, նրանց օրինական գտնվելը երկրում պետք է փաստաթղթավորված լինի»:




























