ՌԴ-ում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հետեւում է Գեւորգ Ալիվորյանի գործին, ով մեղադրվում է 22-ամյա Ֆարիդ Նահմեդովին դանակահարելու մեջ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հյուպատոսության աշխատակիցները մշտական կապի մեջ են Ալիվորյանի փաստաբանների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Պետերբուրգում քննչական մեկուսարանում դանակահարության համար պահվում է 28-ամյա Գեւորգ Ալիվորյանը, սակայն տուժածը` 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմեդովը պնդում է, որ ոստիկանությունը սխալվել է:

Հունիսի 4-ին Պետերբուրգում կայացած Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո ադրբեջանցիներին պատկանող «Նատալի» սրճարանում վեճ է ծագել ինչ-որ մեկի «սխալ հայացքի» համար: Յուրայինների մեջ են եղել նաեւ հայեր: Վիճաբանողները դուրս եկել սրճարանից, երեքով շրջապատել են 22-ամյա Ֆարիդ Նահմեդովին եւ դանակահարել են նրան:

Չորս օր անց Ալիվորյան եղբայրների բնակարան են ներխուժել ոստիկանները: Նրանց տվյալներով, ադրբեջանցուն դանակահարել է 28-ամյա Գեւորգը: Ալիվորյանների բողոքի համաձայն`Պետերբուրգի ոստիկանության 41-րդ բաժնում նրանց խոշտանգումների եւ սեռական բնույթի սպառնալիքների են ենթարկել: Դրանից հետո Ալիվորյանները ինչ-որ թղթեր են ստորագրել:

Տուժած ադրբեջանցին Գեւորգի դեմքը չի հիշել: Նահմեդովը պնդում է, որ ոստիկանությունը սխալվել է: Սակայն դատարանը երկարաձգել է Ալիվորյանի կալանքի ժամկետը: Ոստիկանների կարծիքով, Ռուսաստանում գրանցում եւ աշխատանք չունեցող Ալիվորյանը մեղավոր է եւ կարող է լքել երկիրը: Քրեական սկանդալը վերաճում է միջազգայինի: Հայրենակցի ճակատագրով հետաքրքրվել են ազգային-մշակութային ինքնավարությունը եւ Հայաստանի հյուպատոսությունը: