ՀԱԿ-ի շուրջօրյա հանարահավաքները հանրային կյանքի ժողովրդավարացման լրջագույն դրսեւորումներ են: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` Հայաստանում նախընտրական իրավիճակ է, որի մեկնարկն արդեն տրված է:
«Անկախ դրա դրսեւորումներից, անկախ դրա դինամիկայից, ակնհայտ է, որ հանրությունը սահուն մտավ նախըտրական մրցաշարի փուլ: Այս կոնտեքստում պետք է դիտել ՀԱԿ-ի նստացույցը»,- ասաց նա` հավելելով, որ այդ մարտավարությամբ, ՀԱԿ-ը փորձում է հանրային գիտակցության մեջ ձեւավորել այն կարծիքը, որ ընդդիմությունը նախեւառաջ եւ միայն ինքն է: Անդրադառնալով ՀԱԿ-կոլաիցիա առկախված երկխոսությանը` Խոսրով Հարությունյանը նշեց, որ նախընտրական այս փուլում երկխոսությունը ավելի շատ պետք է ՀԱԿ-ին: «Երկխոսությունը լավագույն ձեւն էր պահպանել սեփական քաղաքական կշիռը, Երկխոսությունը, ինչ-որ տեղ ՀԱԿ-ի համար փրկօղակ էր»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերին, ապա ըստ ՀՔԴՄ ղեկավարի, նրանք եւս պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, մասնավորապես` «խորհրդարանական ընդդիմությունը փորձում է իր արսենալն ավելի խնամքով օգտագործել»: Իսկ ընդդիմադիր դաշտում հնարավոր վերադասավորումների համար,նրա խոսքով, անհրաժեշտ է գաղափարական ընդհանրություն, չնայած Խոսրով Հարությունյանը չի բացառում նաեւ, որ առանց ընդհանուր հայեցակարգային դրույթների վերախմբավորումներ լինեն:




























