Պետական այցով Հայաստան ժամանող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ուղերձը կհեռարձակվի Երեւանի կենտրոնում, Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանի վրա:
Հայաստանում Ֆրասիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոլա Սարկոզին, Հայաստանի նախագահի ներկայությամբ, հոկտեմբերի 7-ին, ժամը 10-ին, հանդիսավոր կերպով կբացի Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրած Օգյուտ Ռոդենի հեղինակած արձանն` ի նշան բարեկամության:
«Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին ելույթով կդիմի Հայաստանին: Այս առիթով, Ֆրանսիայի նախագահը ուրախ կլիներ, որ Ֆրանսիայի հրապարակը համախմբեր բազմաթիվ հայերի, ովքեր հնարավորություն կունենան լսել նրա ուղերձը:
Ֆրանսիայի նախագահի ելույթի հայերեն թարգմանությունը կհեռարձակվի մեծ պաստառի վրա:
Հաշվի առնելով սպասվող բազմամարդ հոսքը` խնդրում ենք Ֆրանսիայի հրապարակ ներկայանալ նշված ժամից շուտ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:




























