Վրացական «Անկախ փորձագետների ակումբ»-ի նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին, «Մոսնովսկիե նովոստի» թերթին հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները դիտավորյալ «մեծ սպասումներ» են ստեղծում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի հետ կապված:

«Հաջորդ տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, նախընտրական արշավն արդեն սկսվել է: Վրաստանի ղեկավարությունը հենց սեփական նախընտրական նպատակներով էլ, գովազդում է Սարկոզիի այցը»,- ասել է նա:

Նրա խոսքով, Սարկոզին առավել կարեւորում է Հայաստան այցելությունը, քանի որ ֆրանսիական քաղաքական իսթաբլիշմենթում մեծ ազդեցություն ունի հայկական լոբբին: Ցիսկարիշվիլիի խոսքով, Եվրոպայի համար ոչ պակաս կարեւոր է Ադրբեջանը, որի տնտեսական նշանակությունն աճում է:

«Եթե Ֆրանսիայի նախագահը չայցելեր Վրաստան, դա դեմարշ կլիներ: Հնարավոր է, Նիկոլա Սարկոզին չցանկանա հիշել 2008 թվականը, բայց Թբիլիսի այցելելը մերժելու համար նա հիմքեր չունի»: