ՌԴ-ում նախագահի փոփոխությունը չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այդ մասին, հոկտեմբերի 6-ին, տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, առաջին տպավորությունը կարելի է բնութագրել հետեւյալ արտահայտությամբ. «Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր, որ այդպես տեղի կունենա: Բոլոր խաղերը խաղացվել էին ի սկզբանե: Երկրորդ ենթադրությունն այն է, որ որոշումների ընդունման կենտրոնը շարունակում է մնալ նույնը, ինչ էլ որ լիներ այդ մարդու անունը` վարչապետ, թե` նախագահ»:
Փորձագետի կարծիքով, այն ինչ հիմա տեղի է ունենում Ռուսաստանում` Պուտին-Մեդվեդեւ-Պուտին փոխատեղումը, նմանը չունի համաշխարհային քաղաքականության մեջ. «Միգուցե ես տեղյակ չեմ աֆրիկյան քաղաքականության մանրամասներից, բայց հիմնական քաղաքականության մեջ ես նման դեպքից տեղյակ չեմ: Նման մի բան հայտնի է պատմությունից` կապված Իվան Ահեղի անվան հետ»:




























