Հարավային Կովկաս կատարվելիք այցի ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասելիք ունի եւ Հայաստանում, եւ Վրաստանում, եւ Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` հոկտեմբերի 6-ին կայացած ասուլիսում:
Հիշեցնելով, որ այցը կարեւոր է, բայց ոչ ֆորս-մաժորային` Իսկանդարյանը նշել է, որ Վրաստանի համար Ֆրանսիան առանձնահատուկ երկիր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարկոզին մասնակցել է վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը 2008-ի ռազմական գործողությունների ընթացքում: Էներգետիկ առումով, Ադրբեջանը կարեւոր պետություն է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ամբողջ Արեւմուտքի համար:
Հայաստան այցը կլինի ամենաերկարատեւը, եւ դա հասկանալի է, եթե հաշվի առնենք երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, նշել է Իսկանդարյանը` հիշեցնելով, որ Ֆրանսիան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, տնտեսական ներկայություն ունի Հայաստանում եւ, երկրները կապված են մշակութապես. «Բարենպաստ հարաբերություններ են ձեւավորվել ոչ միայն երկրների, այլ ժողովուրդների միջեւ»: Սարկոզիի այցը Հայաստան ունի նաեւ ներքաղաքական նշանակություն, քանի որ Ֆրանսիայում եւս շուտով նախագահական ընտրություններ են, եւ Սարկոզին ունի հայկական միասնական համայնքի օժանդակության կարիքը: Ընդհանուր առմամբ, նախագահները խոսելիք շատ ունեն, օրակարգում բազում հարցեր են առկա:




























